Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան իր կողմնակիցներին կոչ է արել նոր քաղաքական կուսակցություն ստեղծել` «Ռաստձինադ», որի շարքերում կընդգրկվեն Ցխինվալիի կենտրոնական հրապարակում բողոքի ցույցեր անցկացնողները:
Նա այս մասին հայտարարել է Ցխինվալիի հրապարակում համակիրների առջեւ ելույթ ունենալիս եւ հավելել, որ մարդկանցից կուսակցությունում ընդգրկվելու հայտեր է ակնկալում:
Միեւնույն ժամանակ, Ջիոեւան իր կողմնակիցներին կոչ է արել ՌԴ ընտրություններին քվեարկել գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի օգտին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա նաեւ Հարավային Օսիայում Պուտինի վստահված անձը դառնալու պատրաստակամություն է հայտնել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկություններով` Ջիոեւայի կողմնակիցները հրապարակից հավաքում են վրանները: Նրանք մտադիր են հրապարակից հեռանալ այն բանից հետո, երբ Կոկոյտին պաշտոնապես կհայտարարի հրաժարականի մասին:
Հիշեցնենք, դեկտեմբերի 9-ին Ջիոեւայի եւ Կոկոյտիի միջեւ համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի` նախագահը հրաժարական կտա, իսկ Ջիոեւային հնարավորություն կընձեռվի մասնակցել մարտի 25-ին կայանալիք նախագահական նոր ընտրություններին:



























