ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինա հակահետեւակային ականների մատակարարմանը, գրել է The Washington Post (WP) թերթը՝ հղում կատարելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյայի։
Այդ զինատեսակների կիրառումը սահմանափակված է Ուկրաինայի տարածքում, նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը, տեղեկացրել է DW-ն։ Ուկրաինայի Զինված ուժերի համար ուղարկվող ականները ժամանակի ընթացքում ինքնաոչնչացվում են կամ կորցնում մարտկոցի լիցքը՝ դառնալով ոչ ակտիվ, նշել է թերթի աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով՝ դա նվազեցնում է սպառնալիքը խաղաղ բնակիչների համար։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունում համոզված են, որ այդ զինամթերքների մատակարարումը ռուսական բանակի հարձակումը զսպելու առավել արդյունավետ քայլերից մեկն է, նշել են թերթի զրուցակիցները։ Նրանց խոսքով՝ Սպիտակ տունը խիստ անհանգստացած է վերջին շաբաթներին ՌԴ ԶՈւ հարվածներից ուկրաինական դիրքերին ճակատում եւ ռուսական ուժերի հարձակման դանդաղումն անհապաղ անհրաժեշտություն է համարում։




























