Վանի նահանգապետը հայտնել է, որ դիմելու է Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարություն՝ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին տարվա մեջ մեկ անգամ ՝ կրոնական արարողության նպատակով բացելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Taraf-ը։

Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն Ախթամարի Սուրբ Խաչի հետ կապված ասել է. «Այս եկեղեցին թանգարան է։ Կրոնական արարողության համար հնարավոր չէ բացել այնպես՝ ինչպես հնարավոր չէ բացել Ստամբուլում գտնվող Այա Սոֆիայի տաճարը։ Սակայն հայ համայնքի պահանջով՝ հնարավոր է այնտեղ տարվա մեջ մեկ անգամ կրոնական արարողություն իրականացնել», ասել է Վանի նահանգապետը։ Վերջինս նշել է, նաեւ որ աջակցում է թուրքական իշխանությունների նախաձեռնությանը՝ բարելավել հայ-թուրքական հարաբերությունները եւ ավելացրել, որ սահմանի բացումից ամենաշատ օգտվող նահանգը կլինի Վանը։