Իսրայելի պաշտպանության նոր նախարար Իսրայել Կացն ուրբաթ հայտարարել է օկուպացված Արևմտյան ափի վերաբնակիչների վարչական կալանքի դադարեցման մասին, ինչը նշանակում է, որ Իսրայելն՝ կասկածյալներին առանց մեղադրանքի կալանքի տակ պահելու իր վիճահարույց քաղաքականությունն այժմ կկիրառի միայն պաղեստինյան ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ, հայտնում է Times of Israel-ը։

Թեև դա գործնականում կիրառվում  է հիմնականում պաղեստինցիների նկատմամբ, այն նաև օգտագործվում է որոշ ծայրահեղական հրեա իսրայելցիների հանդեպ, ինչը արժանացել է իշխող «Լիկուդ» կուսակցության բուռն քննադատությանը: Ըստ այդ միջոցի՝ մարդիկ առանց մեղադրանքի առաջադրման շուրջ վեց ամիս պահվում են կալանքի տակ։ Կալանավորումը կարող է երկարաձգվել անժամկետ, և զինդատախազները կարող են կասկածյալներին հնարավորություն չտալ վերանայելու իրենց դեմ ներկայացված ապացույցները։

«Այն ժամանակ, երբ Հրեաստանում և Սամարիայում հրեական բնակավայրերը ենթարկվում են պաղեստինյան ահաբեկչության լուրջ սպառնալիքների և վերաբնակների դեմ սահմանվում են անհիմն միջազգային պատժամիջոցներ, Իսրայել պետությունը չպետք է նման կոշտ միջոցներ ձեռնարկի բնակավայրերի բնակիչների նկատմամբ», - նշում է Կացը, որը Արևմտյան ափն անվանում է աստվածաշնչյան Հորդանան անվամբ:

Այս շաբաթ Կացը հանդիպել է երկրի անվտանգության ղեկավար Ռոնեն Բահրի հետ և տեղեկացրել նրան «դադարեցնել վարչական կալանքի հրամանները Հրեաստանում և Սամարիայում հրեա վերաբնակիչների նկատմամբ և խնդրել է նրան այլընտրանքային միջոցներ կիրառել»,- նշել են Կացի գրասենյակում:

Հաղորդվում է, որ Իսրայելի անվտանգության ծառայությունը զգուշացրել է նման քայլի չդիմել: Հունիսին Բահրը հայտարարել է, որ իսրայելցիների դեմ միջոցառման արգելումը «կհանգեցնի պետության անվտանգությանը անմիջական, լուրջ վնասի», այն դեպքերում, երբ հստակ տեղեկություններ կան, որ կասկածյալը ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունի: