Hyundai Motor North America-ն հայտարարել է ավելի քան 42,000 մեքենաների հետկանչման մասին՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով, ինչի հետևանքով մեքենան կարող է հետ գնալ, ասվում է ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA)  ծանուցման մեջ:

NBC News-ը հայտնում է, որ 2025 թվականի թողարկման «Hyundai Santa Cruz» և «Hyundai Tucson» ավտոմեքենաները, որոնք ներառված են հետկանչում, փոխհաղորդակ ունեն, որը կարող է փոխարկվել «կայանում» ռեժիմից՝ առանց արգելակի ոտնակը սեղմելու, ինչը մեծացնում է վթարի կամ վնասվածքներ ստանալու վտանգը: Հետկանչը վերաբերում է Միացյալ Նահանգների բոլոր  ավելի քան 35․500 «Tucson» և 6․900 «Santa Cruz» ավտոմեքենաներին։

«Santa Cruz»-ը պիկապի և ամենագնացի հիբրիդ է, որը վաճառվում է 33․000 դոլարով, մինչդեռ «Tucson»-ը ամենագնաց է, որի արժեքը գերազանցում է 28․000 դոլարը:

«Tucson»-ը թողարկվում է նաև հիբրիդային և plug-in հիբրիդ տարբերակներով, սակայն այդ մոդելները հասանելի կլինեն այս աշնանը: Անհասկանալի է, թե ինչպես կանդրադառնա հետկանչը այս նոր ապրանքների վրա:

NHTSA-ն հայտնել է, որ ավտոմեքենաների սեփականատերերը կարող են շարունակել դրանք վարել առաջիկայում:

«Այս մեքնաների վարորդներին խորհուրդ է տրվում մեքենան կայանելիս օգտագործել ձեռքի արգելակը», - ասվում է NHTSA-ի հաղորդման մեջ:

Ակնկալվում է, որ նամակները նշված մեքենաների սեփականատերերին կուղարկվեն 2025 թվականի հունվարի 19-ին։