Հայաստանում գործող կենսաթոշակային հիմնադրամների հնարավորությունները էապես կընդլայնվեն։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 25-ին ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։

Խոսքը, մասնավորապես, տնտեսության իրական հատվածում բնակչության միջոցների ներդրման մասին է։ «Ներկայում կենսաթոշակային հիմնադրամների համար սահմանափակումներ կան։ Մասնավորապես, ներդրումների իրականացման մասով։ Դա, իր հերթին, թույլ չի տալիս կենսաթոշակային հիմնադրամներին միջոցներ ուղղել տարբեր ներդրումային նախագծերին, այդ թվում ենթակառուցածքների զարգացմանը, ինչպես նաեւ տնտեսության ճյուղերի ֆինանսավորմանը անհրաժեշտ ծավալով»,- նշել է Նուրբեկյանը։

Առաջարկվող փոփոխությունները, նշել է նա, թույլ կտան էապես ընդլայնել կենսաթոշակային կուտակային հիմնադրամների ներդրումների հնարավորությունները։ Մասնավորապես, առկա միջոցները տնտեսության ֆինանսավորմանն ուղղելու միջոցով, տարբեր ֆինանսական գործիքների եւ մեխանիզմների կիրառմամբ։

Բանն այն է, որ այսօր գործող օրենսդրությունում կա դրույթ, որը զրկում է կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներին մասնագիտացված ներդրումային ֆոնդերը կառավարելու իրավունքից։ «Սակայն մեր երկրի տնտեսությունում կան ճյուղեր, որոնք ֆինանսավորման կարիք ունեն։ Այս ներդրումային նախագծերը կարելի է ֆինանսավորել նաեւ ի հաշիվ ներդրումային ֆոնդերի։ Միեւնույն ժամանակ, կենսաթոշակային հիմնադրամների ղեկավարներն ունեն որոշակի մասնագիտական ունակություններ։ Նրանք, օրինակ, կարող են կառավարել տարբեր ներդրումային ֆոնդեր։ Ուստի առկա օրենսդրական պատնեշների հանումը թույլ կտա օգտագործել վերոնշյալ հնարավորությունները՝ խթանելով ներդրումները տնտեսության իրական հատվածում»,- ասել է ԿԲ ներկայացուցիչը։

Բացի այդ, ուղիղ ներդրումները ոչ հանրային (ցուցակում չներառված) ֆինանսական գործիքներում թույլատրված են միայն անուղղակիորեն, այլ ֆոնդերում ներդրումների միջոցով 10 տոկոս առավելագույն սահմանաչափով։ Իսկ օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ 10 տոկոս սահմանափակումը կպահպանվի։ Կբացվեն միայն ուղիղ ներդրումների համար նախատեսված գործիքները։

Կոնսերվատիվ ֆոնդի դեպքում ներդրումները բաժնետիրական կապիտալում կարող են կազմել մինչեւ 25 տոկոս։ ԿԲ ներկայացրած նախագծի շրջանակում առաջարկվում է այս ցուցանիշը հասցնել 35 տոկոսի։

Խորհրդարանական ընդդիմությունը, իր հերթին, շտապեց հնչեցնել իր մտահոգությունները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնեց. «Դուք ուզում եք հանել  մարդկանց խնայողությունները եւ ներդնել ընկերություններում, որոնց գործունեությունը ոչ մի կերպ չի կանոնակարգվում  եւ չի վերահսկվում։ Մի՞թե դա, ձեր կարծիքով, չի ավելացնի ռիսկերը ներդրումների մասով»։