Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, դեկտեմբերի 11-ին, հարձակման է ենթարկվել Սիրիայի դեսպանատունը:
Դիվանագիտական հաստատությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, շուրջ 10 մարդ ներխուժել են դեսպանատուն եւ ծեծել իրենց խոչընդոտող պահպանության աշխատակիցներին: Նրանք հարձակվել են փոխդեսպանի, հյուպատոսի եւ դեսպանատան մի շարք այլ աշխատակիցների վրա:
Հարձակվողների ձեռքին, ըստ դիվանագետների, դրոշներ են եղել, որոնք օգտագործվել են Սիրիայում ֆրանսիական գաղութատիրության ժամանակ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Դեսպանատան պահպանության խումբը կարողացել է ձերբակալել հարձակվողներից մեկին եւ հանձնել Հորդանանի իշխանություններին: Ավելի ուշ տեղի ոստիկանությունը կալանավորել է եւս 8 մարդու, որոնք մասնակցել են դեսպանատան վրա հարձակմանը: Հորդանանի իշխանությունները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:
Ավելի վաղ Հորդանանում Սիրիայի դեսպանատան դիմաց բազմաթիվ անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպվել` ընդդեմ այդ երկրի իշխանությունների գործողությունների, բայց երբեք բանը հարձակման չէր հասել:




























