ԱՄՆ-ը կատարել է Պակիստանի իշխանությունների պահանջը եւ ազատել երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Շամսիի ռազմակայանը: Այս մասին ասված է Իսլամաբադի պաշտոնական հայտարարությունում: ԱՄՆ-ը ռազմակայանից ամբողջությամբ դուրս է բերել իր ռազմական սարքավորումները եւ տարհանել անձնակազմին: Այդ ռազմակայանն օգտագործվում էր ամերիկյան ԿՀՎ-ի կողմից Աֆղանստանում «Ալ-Կաիդայի» եւ «Թալիբանի» դիրքերի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր օդ արձակելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի փոխանցմամբ, Պակիստանի իշխանությունների նման կտրուկ քայլը դժվար թե ազդի «Ալ-Կաիդայի» դեմ ԱՄՆ-ի պայքարի վրա: ԿՀՎ-ն հնարավորություն ունի գրոհայինների դեմ գործողություններ իրականացնել Աֆղանստանի տարածքում գտնվող իր ռազմակայաններից:

Բայց դա միակ միջոցը չէ, որ Պակիստանը ձեռնարկել է ԱՄՆ-ի դեմ: Այդ երկիրը արգելափակել է իր տարածքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների շարժը դեպի Աֆղանստան, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի համար:

Հիշեցնենք, որ Իսլամաբադը դեռ նոյեմբերին է Վաշինգթոնից պահանջել ազատել Շամսիի ռազմակայանը եւ դրա համար տվել երկու շաբաթ ժամանակ: Պակիստանի իշխանությունները նման կտրուկ քայլի են գնացել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ուղղաթիռները հատել են սահմանը կրակ բացել Պակիստանի պահակակետի վրա: Տեղի ունեցածի արդյունքում սպանվել էր 28 զինվոր: