ԱՄՆ-ն նոր տարբերակներ է առաջարկում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների ձգձգվող ճգնաժամը հաղթահարելու համար:

Նոր սցենարը մոտավորապես այսպիսին է. սկզբում վարչապետներ Նեթանյահուի եւ Էրդողանի միջեւ կկայանա գաղտնի հեռախոսազրույց: Այնուհետեւ կողմերը տարբեր բովանդակությամբ հայտարարություններով հանդես կգան: Թուրքիան կհայտարարի, որ Իսրայելը ներողություն է խնդրել «Մարմարա» նավի վրա գտնվող թուրքական 9 քաղաքացիների մահվան համար,  Իսրայելն էլ կհայտարարի, որ սոսկ ափսոսանք է հայտնել բախման հետեւանքների համար: Դրանից հետո Թուրքիան դեսպանին կվերադարձնի Թել Ավիվ, իսկ Իսրայելն իր դեսպանին` Անկարա:

Դրան զուգահեռ, Երուսաղեմը խոշոր գումար կփոխանցիԹուրքիայում նավի վրա զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու նպատակով ստեղծված հիմնադրամին, գրում է «Մաարիվ» թերթը:

Առաջարկվող դիվանագիտական ձեւակերպումները երկու կողմերին էլ իրենց քաղաքացիների առջեւ հակամարտությունը հարմար լույսի ներքո ներկայացնելու  հնարավորություն է ընձեռում: Նախկինում ԱՄՆ-ն արդեն համանման առաջարկ ներկայացրել է, սակայն այն մերժվել է Թուրքիայի եւ Իսրայելի կողմից: Վերջին ժամանակներս ամերիկացիները վերստին ակտիվացրել են Թուրքիային եւ Իսրայելին հաշտեցնելու ջանքերը: