«Ժառանգություն» կուսակցությունը որեւէ կուսակցության հետ չի քննարկել առաջիկա ընտրություններին իրենց մասնակցության հարցն ու ձեւաչափերը։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք ոչ ֆորմալ քննարկումներ կատարում ենք տարբեր ուժերի հետ, բայց ոչ մի քննարկմանը ցուցակների հարց չի քննարկվել։ Ինձ թվում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում պարզ կլինի»,-ասաց նա, անդրադառնալով 2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Ժառանգության» մարտավարության խնդրին:
«Ժառանգությունն» ունի ներքին հակում միասնական առաջ ընթանալու։
Մեր դժբախտությունն էլ որոշ ուժերի առանձին գնալու ցանկությունն է եղել։
Յուրաքանչյուր սթափ մտածող կուսակցություն պետք է հասկանա, որ ընտրություններին միայնակ գնալը սխալ է»,-ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցությանը, նա նշեց. «Մենք բաց ենք բոլորի համար, բայց հաշվի առնելով մարտի 1-ի միտինգը, հացադուլը, կոնգրեսի վերաբերմունքը, կարող ենք ասել, որ իրենք վերապահում ունեն: Խնդիրը մեր մեջ չէ, իրենք մտածում են, որ կարող են զինաշարժել ժողովրդին, դա հարգանքի արժանի է։ Բայց ինչ վերաբերում է համագործակցությանը, «Ժառանգությունը» փաստել է, որ հավատավոր գործոն է, դաշտը միավորելու ուղղությամբ։ Միգուցե մեր ներկայացուցիչները երբեմն անտեղի սրել են, բայց անմիաբան վիճակի համար հիմնական պատասխանատվությունը «Ժառանգությունից» դուրս է»։
«Մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հավասարը հավասարի հետ»,-ամփոփեց նա:




























