«Ժառանգություն» կուսակցությունը կողմ է խորհրդարանական կառավարման, ինչը թույլ կտա բարձրացնել խորհրդարանի դերը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ այսօր Ազգային Ժողովը «կանխորոշված արդյունքների կաճառ է եւ չի իրականացնում պետական հիերարխիայում իր դերը եւ դա պետք է փոխվի»:
«Մենք նաեւ կողմնակից ենք 100 տոկոս համամասնական ընտրակարգին, որն ավելի արդյունավետ կլինի»,-հավելեց նա:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ԱԺ նախագահի պաշտոնում «Ժառանգությունն» առաջադրեց Լարիսա Ալավերդյանի, այլ ոչ իր թեկնածությունը, Րաֆֆի Ֆովհաննիսյանը պատասխանեց. «Իմ թեկնածությունը չի քննարկվել: Համարում եմ, որ Լարիսա Ալավերդյանն իր օրենսդիր գործունեությամբ ավելի արժանի էր, քան` ես։ «Ժառանգություն» խմբակցության ցանկացած ներկայացուցիչ ավելի արժանի է, քան` ես»:
Նա անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հայտարարությանը, եթե վերջինս լքի կոալիցիան: Այս առնչությամբ, ընդդիմադիր գործիչը նշեց, որ ինքը կողջունի ԲՀԿ-ՀԱԿ երկխոսությունը, բայց դա այս պահին ֆանտաստիկայի ոլորտից է համարում։ «Ես որեւէ հիմք չունեմ պնդելու, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները դուրս կգան կոալիցիայից»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:




























