«Միավորված հանրապետություն» շարժման առաջնորդ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2012-ի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում:
Դե Վիլպենը հայտարարել է, որ ի տարբերություն ներկա իշխանությունների` ի դեմս Նիկոլա Սարկոզիի, ինքը մտադիր է պաշտպանել Ֆրանսիայի շահերը: Նրա խոսքով, «այսօր Ֆրանսիան կորցնում է իր անկախությունը»:
Եկող տարվա ապրիլին կայանալիք ընտրություններում Դե Վիլպենի մրցակիցները կլինեն գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդը, աջ-կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուն եւ ուլտրաաջերի առաջնորդ Մարին Լե Պենը:
LH2 կենտոնի կողմից անցկացված վերջին հարցումների համաձայն, ընտրությունների առաջին փուլում Սարկոզիին պատրաստ է աջակցել հարցվածների 26 տոկոսը, Լե Պենին` 13,5 տոկոսը, իսկ Բայրուին` 7 տոկոսը: Նախագահական ընտրությունների մրցավազքում ֆավորիտը դեռ Օլանդն է իր 31,5 տոկոսով:
Վերլուծաբանների կարծիքով, պահպանողական դե Վիլպենին քարոզարշավի ժամանակ կհաջողվի իր կողմը գրավել Սարկոզիի ընտրազանգվածի մի մասին, հաղորդում է AFP-ն:




























