Մոսկվայում նախկին Չերկիզովյան շուկայի բոլոր ապրանքները ոչնչացվել են: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի հետաքննական հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Նա նշել է, որ Չերկիզովյան շուկայի զբաղեցրած տարածքում ավարտվել են ապրանքների ոչնչացման աշխատանքները, որոնք սպառողների կյանքին եւ առողջությանը վտանգ էին սպառնում: Դրանց ընդհանուր ծավալը կազմել է 27 հազար տոննա:
Մարկինը հստակեցրել է, որ քրգործի շրջանակներում փորձաքննություններ են կատարվել, որոնց շնորհիվ շուկայում վաճառվող ապրանքներում հայտնաբերվել են այնպիսի վտանգավոր նյութեր, ինչպիսիք են ֆորմալդեհիդը, բենզոլը եւ տոլուոլը` սահմանված նորմերը գերազանցող ծավալներով:
Ներկայումս շարունակվում է ՉԺՀ-ից Ռուսաստանի սահմանով չսերտիֆիկացված ապրանքների ապօրինի ներկրման փաստով հարուցված մի շարք քրեական գործերի հետաքննությունը: Մարկինը հիշեցրել է, որ հետաքննության շրջանակներում պատասխանատվության են ենթարկվել 11 անձինք, այդ թվում` բալթյան մաքսային ծառայության երեք աշխատակիցներ, «Ռոսմորավիա» գործակալության հիմնադիրներ եւ ղեկավարներ, ինչպես նաեւ ՉԺՀ քաղաքացիներ, ովքեր ներկրել են վտանգավոր բեռները եւ մատակարարել մոսկովյան շուկաներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























