Եմենում երկուշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին, Ադենի բանտից «Ալ Քաիդայի» մի քանի գրոհայիններ են փախել: Բանտի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ փախել են նվազագույնը 10 բանտարկյալներ, որոնք բանտի պատերից մեկի տակով թունել են փորել: Միեւնույն ժամանակ Եմենի անվտանգության ծառայության աշխատակիցը հաղորդում է 15 փախստականների մասին, որոնցից մի քանիսը մեղադրվում էին սպանությունների եւ կողոպուտների մեջ, տեղեկացնում է Associated Press-ը:
Reuters-ը, վկայակոչելով Եմենի անվտանգության ծառայությանը, հաղորդում է 14 փախստականների մասին:
«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ բոլոր փախստականները ժամանակավոր մեկուսարանում են եղել եւ սպասել են դատին: Հեռուստաալիքը ենթադրում է, որ բանտարկյալներին փախուստն իրականացնելիս կարող են օգնած լինել բանտի ղեկավարությունը կամ հսկիչները:
Ավելի վաղ` հունիսին, «Ալ Քաիդայի» շուրջ 60 ահաբեկիչներ փախել էին Ալ Մուքալայի բանտից` դարձյալ ստորգետնյա անցք փորելով: Փախուստի ընթացքում բանտարկյալները մեկ հսկիչի էին սպանել, մի քանիսն էլ վիրավորվել էին:
2011թ. հունվարին Եմենում սկսված խռովությունների արդյունքում իսլամիստների եւ «Ալ Քաիդայի» կողմնակիցները փաստացի գրավել են երկրի հարավային մի շարք շրջանների իշխանությունը:




























