Իտալիայում այսօր` դեկտեմբերի 12-ին, Մարիո Մոնտիի կառավարության ղեկավար նշանակվելուց հետո առաջին համազգային գործադուլն է տեղի ունենում: Այն անցկացվում է երկրի խոշորագույն արհմիությունների`Աշխատանքի համընդհանուր իտալական կոնֆեդերացիայի, Աշխատավորների արհմիությունների իտալական կոնֆեդերացիայի եւ Իտալական աշխատանքի միության  նախաձեռնությամբ: Գործադուլն ուղղված է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների դեմ:

Խոշոր արդյունաբերական եւ տրանսպորտային ընկերություններն այսօր երեք ժամով դադարեցրել են աշխատանքը: Գործադուլին միացել է նաեւ «ՖԻԱՏ» ազգային ավտոարտադրողը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ` երեք արհմիութենական կազմակերպությունները վերջին վեց տարում առաջին անգամ միավորել են ջանքերը`աշխատավորների իրավունքները ոտնահարած տնտեսության դեմ պայքարելու նպատակով: Վարչապետ Մարիո Մոնտիին արհմիությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում չի հաջողվել կանխել գործադուլը:

Այսօրվանից երկրում գործադուլների մի ամբողջ շարք է սկսվում. 24-ժամյա գործադուլ դեկտեմբերի 15-16-ը կանցկացնեն տրանսպորտի ոլորտի աշխատակիցները, դեկտեմբերի 16-ին աշխատանքի դուրս  չեն գա բանկային հատվածի աշխատակիցները, իսկ դեկտեմբերի 19-ին` պետական հաստատությունների աշխատակիցները: