«Ֆորմուլա-1-ի» պատվավոր նախագահ Բերնի Էկլսթոունը վաճառքի է հանել մրցարշավային մեքենաների իր շքեղ հավաքածուն, որի արժեքը կգերազանցի 300 մլն ֆունտ սթեռլինգը, գրել է PA Media-ն։

94-ամյա Էկլսթոունը չորս տասնամյակ եղել է «Ֆորմուլա-1-ի» մի մասը, եւ նրա 69 մեքենաները, որոնք 70 տարի մասնակցել են «Գրան պրի»-ներին, համարվում են այդ մեքենաների ամենամեծ հավաքածուն աշխարհում։ Ferrari-ն, որը Միխայել Շումախերին բերեց հաղթանակի աշխարհի հինգ առաջնություններից երեքին թիմի կազմում, այդ հավաքածուի առաջատարն է։

Գնորդներին հասանելի են դարձել բրիտանացի մրցարշավորդ Սթիրլինգ Մոսի 1958թ. Vanwall-ը եւ Մայք Հոթորնի Ferrari-ն, որը չեմպիոնի տիտղոս նվաճեց նույն սեզոնում։

Այրթոն Սենայի, Ալբերտո Ասկարիի, Նիկի Լաուդի եւ Նելսոն Պիկեի մեքենաները կներկայացվեն վաճառքի, որը կիրականացնի բարձր դասի բացառիկ դիլեր Թոմ Հարթլի-կրտսերը։

Էկլսթոունը ասել է. «Ես սիրում եմ իմ բոլոր մեքենաները, բայց ինձ համար եկել է մտածելու ժամանակը, թե ինչ կլինի նրանց հետ, եթե ես այլեւս այստեղ չլինեմ, եւ հենց դրա համար որոշել եմ վաճառել դրանք։ Ես կցանկանայի իմանալ, թե ում ձեռքում կհայտնվեն նրանք եւ չէի ուզենա, որ դրանք մնային կնոջս խնամքին, երբ ես այլեւս նրա կողքին չլինեմ»։