Թուրքիան ներկա պահին չի շփվում սիրիական իշխանությունների հետ, իսկ իրանական եւ ռուսական կողմերը նրան ուղերձ չեն հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից՝ Էրդողանի հետ հանդիպման ցանկության մասին։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է Hürriyet-ը։

Նա նշել է, որ հավաստիացումները, որ «եկել է սիրիական հետախուզության պատվիրակություն, չեն համապատասխանում իրականությանը, եւ որակյալ շփումներ չկան»։ Աղբյուրները հերքել են նաեւ այն ենթադրությունները, որ «Թուրքիան իբր համաձայնության է հասել ԱՄՆ-ի կամ որեւէ այլ երկրի հետ» Սիրիայի վերաբերյալ։ Անկարան «գործում է իր ազգային անվտանգության շահերից ելնելով»։

Hürriyet-ը նաեւ տեղեկացրել է, որ «ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ պահանջել էր Աստանայի ձեւաչափի վերականգնում», նման խնդրանք էր հայտնել նաեւ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին», որը նախօրեին այցելել էր Անկարա։ Թերթը նշել է, որ Աստանայի ձեւաչափով հանդիպման նախապատրաստումը Դոհայում այս շաբաթվա վերջին սկսվել է։ Ակնկալիքներ կան, որ Արաղչին կամ Լավրովը կարող էին թուրքական կողմին հանձնել որեւէ ուղերձ Ասադից Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ։ «Բայց մեկնաբանություններ չեն եղել»։

Սիրիայում կատարվողի հանդեպ Թուրքիայի ուշադրության վերաբերյալ թերթի աղբյուրները նշում են, որ «ազգային հետախուզությունները աշխատանք են տանում» «ահաբեկիչներից Թել Ռիֆաթի մաքրման» ուղղությամբ։

Սիրիայում դիմակայությանը Թուրքիայի ուղիղ ներգրավման մասին խոսք չկա։ Նշվել է, որ Անկարայի համար սկզբունքային է հարցն այն մասին, որպեսզի այսպես կոչված ահաբեկչական միջանցքում «խնդիրներ չլինեն»։ Այս առնչությամբ մեծ ուշադրություն է հատկացվում Մանբիջին։ Այդ քաղաքի վերաբերյալ «առայժմ ոչ մի կարգադրություն չի եղել», բայց «ակտուալ իրադրությունը տեղում կարող է ստիպել նոր նախաձեռնություններ մտցնել օրակարգ»։ Թուրքիային հուզոմւ է նաեւ քրդական կազմավորումների առկայությունը Եփրատից արեւելք, որոնք «գտնվում են ԱՄՆ պաշտպանության տակ»։ Hürriyet-ը նշել է, որ նրանց հարաբերություններում «անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ դիրքորոշում կգրավեն ամերիկյան նոր իշխանությունները»։