Նման պայմաններում քաղաքապետարանը չի  չեն պատրաստվում հարցեր քննարկել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով ավտոբուսի վարորդների բարձրացրած խնդիրները լուծելու շուրջ քննարկումներ սկսելու հարցին:

«Երբ շատ պայմանական ասած, եթե ինչ-որ մեկը մտածում է՝ պետք է ատրճանակը գա դնի քաղաքային ղեկավարության գլխին, ու ասի հենց հիմա աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք կրակի։ Ասելու ենք կրակի, մենք էլ տեսնենք այդ կրակելու հետևանքները ինչպես են վրա հասնում»,- նշել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կա խոսելու ձև, կա մթնոլորտ, և համապատասխան մթնոլորտում պատրաստ են քննարկումներ ծավալել։

Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել: Վերջիններս դժգոհություն էին հայտնել աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:

Երևանի քաղաքապետարանը նրանց այս գործողությունները որակել է շանտաժ և ներկայացրել, թե որքան աշխատավարձ են ստանում ավտոբուսների վարորդները:

«ՄԱՆ» - 401,500 ՀՀ դրամ,

«Ժոնգ Տոնգ» - 309 500 ՀՀ դրամ,

«Գազել Սիթի» - 219,500 ՀՀ դրամ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ շեշտելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։