Կանադան հայտարարել է Կիոտոյի արձանագրությունից դուրս գալու մասին. այն համաձայնագիր է, որը մասնակիցներին պարտավորեցնում է պայքարել ջերմոցային գազերի արտանետումների դեմ: Այդ մասին տեղեկացրել է Կանադայի շրջակա միջավայրի նախարար Փիթեր Քենթը:

Նա ընդգծել է, որ Կանադան համաձայնագրից դուրս գալու օրինական իրավունք ունի եւ մտադիր է օգտվել դրանից:
«Կիոտոյի արձանագրության ազդեցությունը չի տարածվում  ջերմոցային գազերի արտանետումների համաշխարհային երկու առաջատարների`ԱՄՆ-ի եւ Չինաստանի վրա, հետեւաբար` համաձայնագիրը չի գործում», -ըստ Associated Press-ի`հայտարարել է  Կանադայի շրջակա միջավայրի նախարարը:

Կիոտոյի արձանագրությունից դուրս գալու մասին Կանադան հայտարարել է այն բանից մեկ օր անց, երբ Դուրբանում կայացած ՄԱԿ-ի կոնֆերանսի մասնակիցները տեւական քննարկումներից հետո պայմանավորվել են նշված համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2015 թվականը: Կոնֆերանսին մասնակցել են շուրջ 200 երկրների պատվիրակություններ: