Նյու Ջերսի նահանգի բնակիչները սարսափել են «Բոլորդ անհապաղ պատսպարվեք» բովանդակությամբ հաղորդագրություն ստանալուց հետո, որն ուղարկել է ԱՄՆ առաջատար բջջային օպերատորներից մեկը` Verizon-ը:
Բնակիչները, բնականաբար, հաղորդագրությանը միանգամայն լրջորեն են վերաբերվել, սկսել են զանգահարել փրկարարական ծառայություն եւ տեղի իրավապահ մարմիններին` ճշտելու, թե ինչ է կատարվում: Պարզվել է, որ հաղորդագրությունը սխալմամբ է ուղարկվել, եւ Verizon ընկերությունը ներողություն է խնդրել, հաղորդել է Fox News հեռուստաընկերությունը:
Ամերիկայում 1938թ. նման նախադեպն արդեն զանգվածային խուճապ առաջացրել էր, երբ ռադիոեթերում հնչել էր Հերբերտ Ուելսի «Աշխարհների պատերազմը» վեպի ներկայացման դրվագը` Երկրի վրա Մարսի բնակիչների հարձակման մասին:
Հեռուստաընկերության հաղորդմամբ` այս անգամ տագնապալի հաղորդագրությունը փորձնական է եղել, բայց թե հատկապես ինչն են փորձելիս եղել, դեռ հայտնի չէ:
Փորձից կես ժամ անց անվտանգության մարմինները Twitter-ում տեղեկացրել են, որ նահանգում ոչ մի արտակարգ դրություն չի եղել:




























