«Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման կողմնակիցները շրջափակել են ԱՄՆ արեւմտյան ափի երեք նավահանգիստների դարպասները` «Գրավիր նավահանգիստները» նախաձեռնության շրջանակներում:

Իշխանությունները անվտանգության նկատառումներով ստիպված են եղել փակել Քալիֆորնիայի, Օրեգոնի եւ Վաշինգտոնի նավահանգիստները: Մասնավորապես, Օքլենդում նավահանգստի շուրջ 150 աշխատակիցներ ցույցի պատճառով տուն են ուղարկվել,  երկու տերմինալներ փակվել են, տեղեկացնում է  BBC-ն:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ակտիվիստները գրավել են դարպասները, թմբկահարել են եւ «Կփակենք Ուոլ սթրիթը» գրառումներով պաստառներ են կրել: Ակտիվիստների գործողություններն ուղղված են եղել նավահանգիստների սեփականատեր կորպորացիաների դեմ: 

Բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում, այդ թվում` Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում եւ Սիեթլում, ինչպես նաեւ կանադական Վանքուվերում:

Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացվել էր, որ շարժման ակտիվիստները մտադիր են կաթվածահար անել ԱՄՆ արեւմտյան ափի բոլոր առեւտրային նավահանգիստները: Նրանք մտադիր են արգելափակել Քալիֆորնիայից մինչեւ Ալյասկա ընկած նավահանգիստների աշխատանքը` դրանով փակելով Ամերիկայի գլխավոր «առեւտրային դարպասները»:  Ճիշտ է, փորձագետները համոզված են, որ ցանկացած դեպքում ցուցարարներին չի հաջողվի այդքան նշանակալի օբյեկտները երկար ժամանակով գրավել:

Հիշեցնենք, որ «Գրավիր Ուոլ Սթրիթը» ակցիան սկսվել է սեպտեմբերի 17-ին` Նյու Յորքում եւ տարածվել ԱՄՆ-ի մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում` Լոս Անջելեսում, Մայամիում, Նյու Ջերսիում եւ Վաշինգթոնում, ինչպես նաեւ Եվրոպայի երկրներում: Ցուցարարները հանդես են գալիս գործազրկության, իշխանությունների վարած քաղաքականության եւ ֆինանսական ինստիտուտների դեմ, այն անվանելով «ֆինանսական ահաբեկչություն»: