Թերթը գրում է, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքը, որի կառուցապատման շուրջ վերջին շրջանում բուռն քննարկումներ են ընթանում, իր տեղեկություններով՝ նոր սեփականատերեր ունի:  «Ըստ լավատեղյակ աղբյուրների, մարզադաշտի սեփականատեր, ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանը այդ տարածքը վաճառել է նորակառույց շենքերի կառուցմամբ զբաղվող Սանվել Մայրապետյանին եւ  ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ա. Աղաբաբյանի, Ա. Գեւորգյանի եւ Ս. Մայրապետյանի միջեւ վաճառքի պայմանավորվածություն արդեն իսկ կայացվել է՝ պայմանով, որ գործարքը վերջնական ձեւակերպում կստանա միայն այն դեպքում, երբ Ա. Աղաբաբյանին հաջողվի ստանալ այնտեղ առեւտրի կենտրոն եւ հյուրանոցային համալի կառուցելու շինթույլտվությունը։ Իհարկե, երեկ Սամվել Մայրապետյանը հերքել է այս տեղեկությունները։ «Կարո՞ղ է իմ անունը Աշոտ Աղաբաբյան է։ Դրանք անհեթեթ խոսակցություններ են, հեքիաթ է, մտացածին խոսակցություն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է նա։ Այդուհանդերձ, մեր աղբյուրները վստահեցնում են, որ դա համապատասխանում է իրականությանը, եւ Ս. Մայրապետյանի հերքումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է վերը նշված պայմանով։ Այսինքն՝ քանի դեռ Ա. Աղաբաբյանին չի հաջողվել լուծել շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը, Մայրապետյանը չի ցանկանում իր անունը կապել աղմկահարույց այդ գործընթացի հետ» ,- գրում է «168 ժամ»-ը: