Սիրիայում զոհվածների թիվը «հնարավոր է, գերազանցում է 5 հազարը, ներառյալ` 300 երեխաներ»:  Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը` ՄԱԿ-ի դեկտեմբերի 12-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում:

Գերագույն հանձնակատարի նոր  տվյալներով`Սիրիայում բողոքի ցույցերի ընթացքում 14 հազարից ավելի մարդ է ձերբակալվել, իսկ գրեթե 12,5 հազար բնակիչ ստիպված է եղել փախչել երկրից: Հանձնակատարի տվյալները «հիմնված են 233 ականատեսների ցուցմունքների վրա»` ներառյալ սիրիական զինված ուժերի դասալիքներին:

Սպասվում է, որ այսօր` դեկտեմբերի 13-ին, Փիլայը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդես կգա իր  զեկույցով:

Հիշեցնենք, մոտ երկու շաբաթ առաջ, ելույթ ունենալով մամլո ասուլիսում, Փիլայը  հայտարարել է, որ Սիրիայում զոհվածների թիվը գերազանցում է 4 հազարը: Սիրիայի իշխանությունները խոսում են երկկողմանի 1,5 հազարից ավելի զոհերի մասին, որոնցից 1,1 հազարը իրավապահ մարմինների աշխատակիցներ են:

ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո Փիլայը լրագրողներին պատմել է, որ Խորհրդի անդամներին առաջարկել է Սիրիայի իրավիճակի հարցը հանձնել Միջազգային քրեական դատարանի ուսումնասիրմանը` ընդգծելով, որ  սպանությունների, ձերբակալությունների եւ խոշտանգումների «լայն տարածումը եւ պարբերական բնույթը» մարդկության դեմ հանցագործություն է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները կողմնակից են, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի նկատմամբ հստակ գործողություններ ձեռնարկի:  Ռուսաստանը նշել է Սիրիային քաղաքացիական պատերազմի դրդելու անթույլատրելիության մասին, ինչը այդ երկրի համար աղետի կվերածվի:

Հիշեցնենք, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը դեկտեմբերի 2-ին Ժնեւի հատուկ նստաշրջանի ընթացքում հերթական բանաձեւն է ընդունել, որը խիստ  քննադատում է Սիրիայում մարդու իրավունքների «կոպիտ եւ պարբերական»  ոտնահարումները, որոնք կարող են հավասարեցվել մարդկության դեմ գործած հանցանքներին: