«Կոմերսանտ-Հոլդինգի» գլխավոր տնօրեն Անդրեյ Գալիեւին եւ «Կոմերսանտ-Վլաստ» հանդեսի գլխավոր խմբագիր Մաքսիմ Կովալսկիին հեռացրել են իրենց պաշտոններից դեկտեմբերի 12-ին հրապարակումների համար, որոնք, հոլդինգի ղեկավար Ալիշեր Ուսմանովի կարծիքով, «մանր խուլիգանություն» են:
Սեփականատերը, որ նախկինում երբեւէ չի միջամտել իր պարբերականների գործունեությանը, վերջին հրապարակումները գնահատել է որպես լրագրողական էթիկայի խախտում:
Այս պաշտոնանկություններից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել «Կոմերսանտ» հրատարակչատան գլխավոր տնօրեն Դեմյան Կուդրյավցեւը:
Վերջին հոդվածը «Կոմերսանտ-Վլաստ» հանդեսում, որ կարող էր հարուցել Ուսմանովի զայրույթը, եղել է ընտրություններում «Եդինայա Ռոսիայի» կատարած խախտումների մասին:
Բացի այդ, իրավիճակը թեժացրել է այն, որ թղթակից Օլեգ Կաշինը ելույթ է ունեցել դեկտեմբերի 10-ին Բոլոտնայա հրապարակում ընդդիմության հանրահավաքում: Ոչ պակաս սադրիչ էին պարբերականում տպված լուսանկարները:
Ուսմանովը «Կոմերսանտը» գնել էր 2006թ. եւ խոստացել էր չմիջամտել խմբագրական քաղաքականությանը, բայց այժմ խախտում է իր իսկ տված խոստումը:

































