Դեկտեմբերի 4-ին, ՀՀ արդարադատության նախարարության կողմից հայտարարված «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի շրջանակում, տեղի ունեցավ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից մշակված «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ուսումնաօժանդակ ձեռնարկի շնորհանդեսը։ Ձեռնարկը մշակվել է Շվեդիայի կառավարության աջակցությամբ և նախատեսված է հանրակրթական դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար։

Շնորհանդեսի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շվեդիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը։ Նրանք կարևորեցին ուսուցիչների դերը կոռուպցիայի դեմ պայքարում՝ նշելով, որ այս ձեռնարկը ուսուցիչներին տրամադրում է գործնական ու մեթոդական աջակցություն՝ թեման արդյունավետ և մատչելի ձևով ինտեգրելու նպատակով։

Միջոցառմանը մասնակցում էին պետական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ուսուցիչներ և կրթության ոլորտի փորձագետներ։

Պանելային քննարկման ընթացքում ոլորտի մասնագետները ներկայացրեցին իրենց տեսակետները հակակոռուպցիոն կրթության կազմակերպման մարտահրավերների, լուծումների և հանրակրթական դպրոցներում դրա արդյունավետության բարձրացման հնարավորությունների վերաբերյալ։

 ԹԻՀԿ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերն աջակցում են ուսուցիչներին  զարգացնելու կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ պատասխանատու և քննադատական մտածողություն աշակերտների մոտ՝ դրանով նպաստելով ավելի գիտակից և սկզբունքային քաղաքացիների ձևավորմանը։

Միջոցառման ավարտին «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչներին տրամադրվեց ձեռնարկը։ Մենք լիահույս ենք, որ այն կդառնա արդյունավետ գործիք ուսումնական պրոցեսի ընթացքում։

ԹԻՀԿ-ը մշտապես  իրականացնում է իրազեկման ու կրթական ծրագրեր՝ չսահմանափակվելով միայն հակակոռուպցիոն շաբաթվա միջոցառումներով,

Ձեռնարկն արդեն հասանելի է ԹԻՀԿ պաշտոնական կայքում։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության և արժեքավոր կարծիքների համար։