NEWS.am-ի լրագրողի դիմումի հիման վրա ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԳՈՌՆԱՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել է չափագիտական կանոնների և նորմերի խախտում՝ թերլիցքավորում և նշված իրավախախտման հիմքով նախաձեռնել վարչական վարույթ: Այս մասին NEWS.am-ի լրագրողին տեղեկացրել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:

Ավելի վաղ NEWS.am-ի լրագրողն ահազանգել էր, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում (Երևանյան լճին հարակից) գտնվող «Լճափ» բենզալցակայանում հեղուկ գազ լիցքավորելուց կարճ ժամանակ անց պարզել է, որ ավտոմեքենան, գրեթե չի լիցքավորվել: Հիշյալ ահազանգի և դիմումի հիման վրա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի նոյեմբերի  13-ի հրամանի համաձայն նշված կազմակերպությունում ստուգում էր իրականացվել:

Նշենք, որ «ԳՈՌՆԱՆ» ՍՊԸ-ն միակ լցակայանը չէ, որտեղ նմանօրինակ խախտումներ են արձանագրվել:

2024 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում չափումնարի միասնականության հետ կապված խախտումներ է հատնաբերել 9 կազմակերպություններում, մինչդեռ 2023թ. ողջ տարվա ընթացքում բողոքների հիման վրա իրականացված ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել 7 տնտեսվարողների մոտ: Այս մասին  NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից ստացված պատասխանը:

 Ի դեպ, միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում տեսչական մարմինը հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում կատարված ենթադրյալ խախտումների վերաբերյալ 20 դիմում է ստացել, ինչը նախորդ տարիների համեմատ աննախադեպ բարձր ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ 2022-ին ստացվել է 7 , իսկ 2023-ին՝ 12 դիմում:

Ստացված դիմումների հիման վրա վերջին երկու տարիներին  բացված հրամանների և ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի տրամադրած աղյուսակներում:

IMG_20241127_165135.jpg (118 KB)

IMG_20241127_165135_1.jpg (124 KB)