Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալու է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը:
Նիստին Հայաստանից մասնակցելու են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, NEWS.am-ին հայտնեցին համապատասխան գերատեսչություններից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին, նիստին քննարկվելու է ՀԱՊԿ հերթական նստաշրջանի օրակարգը, նաեւ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը կայանալու է Մոսկվայում, դեկտեմբերի 20-ին: Նոյեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի բացառել, որ գագաթաժողովի ընթացքում հաստատվելու են կազմակերպության ռազմական համագործակցության բարեփոխման առաջարկները, նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործունեության ձեւաչափերը: ՀԱՊԿ կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:




























