Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, դեկտեմբերի 12-ին, ձերբակալել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Նորիկ Միրզախանյանին («Կարտոլ» մականունով), ում մոտ 7 գրամ թմրանյութ է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին փոխանցեց ոստիկանության Էջմիածնի բաժին պետ` Գեւորգ Խաչատրյան:
Ավելի ուշ ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից Արմեն Մալխասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ Նորիկ Միրզախանյանն արդեն ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը): Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով: Արմեն Մալխասյանի խոսքով, նախաքննությունը վարում է ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժինը:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում առաջարկեց խոսել լրատվական վարչության պետի հետ: Իսկ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Վարդան Վարդանյանը նշեց, որ ձերբակալվածն Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանն է: Նա զարմացած էր Միրզախանյանի ձերբակալման փաստով. «Նա նույնիսկ սովորական ծխախոտ չի ծխում, ուր մնաց թմրանյութ օգտագործի»:
Իսկ հարցին, թե ճի՞շտ է, որ նա Մանվել Գրիգորյանի մերձավորներից է, Վ. Վարդանյանը պատասխանեց. «Այսինքն` մերձավորը ո՞րն է: Հա քաղաքապետարանում է աշխատում»: Ինչ վերաբերում է ձերբակալվածի կուսակցական պատկանելիությանը, նա նշեց, որ Միրզախանյանը կուսակցական չէ:
Ավելի ուշ ներկայացնելով կատարվածի մանրամասները, Վ. Վարդանյանը պատմեց, որ Նորայր Միրզախանյանն իր 6 տարեկան երեխայի հետ հոգեհանգստի արարողությունից վերադառնալիս է ձերբակալվել: «5-6 մեքենայով կանգնեցնում են իր մեքենան, ավտոմատները վրան պահում, ձերբակալում ու տանում են` 6 տարեկան երեխային մթան մեջ միայնակ թողնելով Երեւան-Արմավիր խճուղում: Ժամեր անց ՃՈ-ի ոստիկաններն են երեխային բերում Էջմիածին: Ներկա պահին նույնիսկ թույլ չեն տալիս, որ փաստաբան մոտենա Միրզախանյանին: Սովետական միլիցիայի, ադրբեջանական ՕՄՕՆ-ի մեթոդներով ձերբակալություն է տեղի ունեցել առանց որեւէ բան ասելու: Երեխան երեկվանից տեսածից ուշքի չի գալիս, լեզուն կապ է ընկել:Մենք ավելին չգիտենք մեր ունեցած ինֆորմացիան երեխայի պատմածների հիման վրա են»:
Ինչ վերաբերում է Նորիկ Միրզախանյանի մոտ 7 գրամ թմրանյութ հայտնաբերելու լուրին, Վ. Վարդանյանն ասաց. «Չգիտեմ: Այնտեղ կարող են անալիզ անել տեսնել արյան մեջ կա՞ թմրանյութ, թե` ոչ: Մատնահետքը ստուգեն, տեսնեն ինքն ընդհանարապես դիլե՞լ է այդ թմրանյութին, թե` ոչ: Դա արդեն նախաքննությունն ու դատաքննությունը ցույց կտա: Մենք հաստատ թմրամոլներին չենք աջակցում, եթե ինչ-որ մեկն արել է նման բան, պետք է պատժվի: Բայց մենք չենք էլ հավատում դրան»:
Դիտարկմանը, թե գուցե այս ձերբակալությունը Մանվել Գրիգորյանի անձով հետ պայմանավորված լինի, նրան ուղղված մեսիջ կամ նախազգուշացում պարունակի, Վ. Վարդանյանն արձագանքեց. «Ինձ այդպես չի թվում. իրականությունը վերջ ի վերջո կպարզվի: Մենք վարկածներ չենք քննարկում: Մենք փաստն ենք ասում, թե ոնց է տեղի ունեցել ձերբակալությունը ու որ մինչ հիմա չեն թողնում փաստաբան մոտենա նրան: Կարող է ոստիկանները նրան ծեծել են, կապտուկներ կան վրան, դրա համար չեն թողնում, որ փաստաբան մոտենա: Ես չգիտեմ, ինչ ասեմ»:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից իր աշխատակցին աջակցություն ցուցաբերելուն, Վարդան Վարդանյանը նկատեց. «Եթե այդ մարդն անմեղ է, մենք պետք է փորձենք օբյեկտիվ, արդար դատաքննության հասնել»:
Իսկ Նորայր Միրզախանյանի կինը` Արմինեն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր ամուսնու նկատմամբ նման կերպ վարվելով, ցանկանում են ցույց տալ, որ Հայաստանում նոր բռնություններ են սկսվում: «Ի՞նչ ա արել իմ ամուսինը, կամ ինչի՞ մեջ են նրան կասկածում, ով կասկածում է, թող առաջինն իր անալիզները ստուգեն, նոր իմ ամուսնուն մեղադրեն: Իմ ամուսինը 1000 տոոկսանոց մաքուր է ասել եմ, ասում եմ ու կասեմ: Առանց ամաչելու իմ 6 տարեկան երեխային ձմեռվա կեսին թողնում են փողոցում: Սա է կարգը, սա է իրենց պատրաստած նյութերը: Երեխաս ամբողջ գիշեր գոռացել է, որ ոստիկանները պապայիս ձեռքերը ոլորեցին տարան»,- նկատեց Նորայր Միրզախանյանի կինն, առաջարկելով, որ Մանվել Գրիգորյանի եւ ոչ էլ որեւէ այլ պաշտոնյայի անունը սույն գործով չշահարկել:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























