Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման կոչ են արել Աստանայի ձեւաչափով հանդիպումից հետո, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Դոհայի համաժողովում ունեցած ելույթում նա անթույլատրելի է անվանել ահաբեկիչների կողմից սիրիական տարածքների զավթումը, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Դիվանագետը հայտնել է, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումն այժմ օգտագործում են աշխարհաքաղաքական նպատակներով, ինչը նույնպես անթույլատրելի է։ Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի օգնել Սիրիայի բանակին գրոհայինների դեմ պայքարում։ ՌԴ-ն նաեւ Թուրքիայի եւ Իրանի հետ համատեղ միջոցներ կձեռնարկի, որպեսզի ապաթեժացման իրենց կոչը լսված լինի։
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Դոհայում տեղի են ունեցել արտահերթ բանակցություններ Աստանայի ձեւաչափով՝ կապված Սիրիայի իրավիճակի հետ։ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան գործընթացի երաշխավոր երկրներն են, դրա մեջ մտնում են նաեւ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության, ՄԱԿ եւ դիտորդ երկրներ Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ներկայացուցիչները։
«Հայաս Թահրիր աշ-Շամ» խմբավորումը սկսել է 2020թ. ի վեր ամենամասշտաբային հարձակումը Իդլիբում եւ Հալեպում։ Գրոհայինները նաեւ զավթել են Համա քաղաքը երկրի արեւմուտքում։ Դեկտեմբերի 6-ին Reuters-ը հայտնել է Դեյր-էզ-Զոր քաղաքի զավթման մասին Սիրիայի արեւելքում քրդական «դեմոկրատական Սիրիայի ուժերի» կողմից։ Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել սիրիական բանակի կողմից Դերաա քաղաքի վերահսկողությունը կորցնելու մասին Հորդանանի հետ սահմանին։




























