50-ամյա հայը, որը ձերբակալվել էր շաբաթ օրը` Գլենդելի ոստիկանությանը ինքնաշեն ռումբը հանձնելուց հետո, ոստիկաններին հայտնել է, որ երկու մարդ փորձել են սպանել իրեն, ինքն էլ պաշտպանության համար պատրաստել է այդ սարքը: Այս մասին տեղեկացնում է «Glendale News-Press»-ը:
Սպասվում է, որ Սարո Հախվերդյանն այս շաբաթ Լոս Անջելեսի առաջին ատյանի դատարանի առջեւ պատասխան կտա պայթուցիկ սարք ունենալու համար, որը շաբաթ օրը բարեհաջող կերպով պայթեցվել է ոստիկանական շտաբի սահմաններից դուրս: Միջադեպի արդյունքում վիրավորներ չեն եղել: Հախվերդյանը սարքը պատրաստել է այն բանից հետո, երբ կասկածել է, որ երկու տղամարդ, իրարից անկախ, փորձել են հետեւել իրեն եւ սպանել, տեղեկացրել է Գլենդելի ոստիկանության սերժանտ Թոմ Լորենցը:
Լորենցի խոսքով` Գլենդելի բնակիչ Հախվերդյանը «պարանոյիկ» է, քանի որ համոզված է, որ մարդիկ հետապնդում են իրեն, սակայն չի կարողանում հստակ ձեւակերպել, թե ովքեր են դրանք: Ենթադրվում է, որ Հախվերդյանը ոստիկանությանը հայտնել է, որ փամփուշտներ, գնդակներ եւ կոտորակներ պարունակող ռումբն ինքնապաշտպանական նկատառումներով է պատրաստել:
Շաբաթ օրը ժամը 9-ի սահմաններում Հախվերդյանի եղբայրը եւ եղբորորդին նրան ոստիկանություն են տարել` օգնություն եւ խորհուրդ խնդրելով:
Այն բանից հետո, երբ Հախվերդյանը ոստիկանությանը հայտնել էր, որ ռումբը պահում է ընտանիքի «Toyota Camry» մեքենայի բեռնախցիկում, նրան ձերբակալել էին եւ կանչել Լոս Անջելեսի շրջանի շերիֆի ականազերծող խմբին, որը պայթյունի իրականացման համար ռոբոտ է օգտագործել:
Ռումբը 150 ոտնաչափ շառավղով սպանելու կամ վնասելու պոտենցիալ է ունեցել, այն պատրաստվել է ինչ-որ մեկին սպանելու կամ լուրջ վնասվածք հասցնելու համար: «Այլ նպատակ չկա»,- ասել է Լորենցը:
Հախվերդյանը հետաքննության ընթացքում համագործակցել է ոստիկանության հետ: Ընտանիքի անդամները ոստիկանությանը հայտնել են, որ Հախվերդյանն իրեն վերջին ամիսներին տարօրինակ է պահում: Նրան նույնիսկ հիվանդանոց են տեղափոխել օգնություն ստանալու նպատակով:
Հախվերդյանը ոստիկանության հսկողության տակ է մնում, գրավի արժեքը 500 հազար դոլար է:




























