Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը նման է դասն անգիր արած, սակայն առարկայից ոչինչ չհասկացող աշակերտի, եւ կրկնել է ադրբեջանական քարոզչության լեգենդները փախստականների եւ օկուպացված տարածքների մասին: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունը:
«Միայն այդպես կարելի է բնութագրել Չեմիլ Չիչեքի խոսքերը օկուպացիայի կամ մեկ մլն փախստականների մասին: Ի՞նչ աստիճանի ցինիզմ պետք է ունենա խոսելու օկուպացիայի մասին մի երկրի ներկայացուցիչ, որը մի քանի տասնամյակ շարունակ զավթել է այլ՝ ԵՄ անդամ-երկրի տարածք: Մարդկության դեմ ոճրի ժխտողականությունը պետական քաղաքականություն դարձրած երկրի խորհրդարանի ղեկավարը ինչպիսի՞ լուրջ խնդիրներ պետք է ունենա բարոյականության հետ, որպեսզի խոսի Խոջալուի դեպքերից, դեռ ավելին մեղադրի հայկական կողմին այդ զոհերի համար»,- նշել է Շարմազանովը:
Վերջինիս խոսքով, «Հայաստանի վերաբերյալ կեղծ հայտարարություններ անելու համար որպես հարթակ Ադրբեջանում բռնապետական հասարակարգի հիմնադիր, անձի պաշտամունքի ավանդույթների հիմնադիր Հեյդար Ալիեւի հիշատակի միջոցառումն օգտագործելը վկայում է թուրքական իշխանությունների անսկզբունքայնության եւ փաստերը խեղաթյուրելու մոլուցքի մասին»:



























