Գործարար Սիլվա Համբարձումյանը գոհ է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա») հրապարակավ ներողություն է խնդրել իրեն հարվածելու համար:

«Եթե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն անձամբ ինձանից ներողություն խնդրեր եւ ես այդ մասին տեղյակ պահեի լրագրողներին, հետագայում նա հերքելու էր ասելով, թե նման բան չի ասել, հետեւաբար պաշտոնական տարբերակից ես շատ գոհ եմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գործարար Սիլվա Համբարձումյանը, անդրադառնալով իրեն հարվածներ հասցնելու համար Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ հարուցված եւ այսօր կարճված քրեական գործին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:

«Ես գոհ եմ գործից, որովհետեւ ինքը վերջ ի վերջո զղջաց: Որոշման մեջ գրված է, որ զղջացել է: Այսինքն` դա ինձ համար ամենամեծ հաղթանակն է: Սա համարում եմ, որպես ինձ շնորհակալություն: Ավելին` կարծում եմ, որ սա ոչ միայն իմ հաղթանակն է, այլեւ լրագրողների, որոնք ճշմարտությունը ջրի երես հանելու գործում իրենց լուման են ունեցել»,- նկատեց Սիլվա Համբարձումյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ գործի կարճվելը ինքը Սուրեն Խաչատրյանի հետ չի հանդիպել եւ նա անձամբ ներողություն չի խնդրել իրենից:

«Ես կարծում եմ, որ երբեւէ, էլ չեմ հանդիպի իր հետ: Ավելին` չէի էլ ուզում, որ Սուրեն Խաչատրյանն անձամբ ինձանից ներողություն խնդրեր: Նա պետք է իր մոտ ընկերների միջոցով դա աներ եւ երբ այդ մասին լրագրողներին ասեի ասելու էր, որ ես նման բան չեմ ասել: Հետեւաբար` ես այս տարբերակից շատ գոհ եմ»,- հիմնավորեց Սիլվա Համբարձումյանը, հավելելով, որ չի բողոքարկի ՀՔԾ որոշումը:

Թեեւ Սիլվա Համբարձումյանը չի կարծում, որ Սուրեն Խաչատրյանի կողմից այսուհետ իրեն ուղղված սպառնալիքներ կլինեն, բայց ապահովությունից ելնելով առայժմ չի հրաժարվի թիկնապահի ծառայությունից:

Հիշեցենք, որ այսօր` դեկտեմբերի 13-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը: ՀՔԾ լրատվական բաժնից հայտնում են, որ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ Սուրեն Խաչատրյանի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել եւ կցվել է քրեական գործին: Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Սուրեն Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Սուրեն Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար: Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին: