Ռուս օլիգարխ Բերեզովսկին, ով լքել է Ռուսաստանը 2003-ին, հույս է հայտնել, որ ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո կկարողանա վերադառնալ իր երկիր: Նորությունների ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ինչպես ավելի վաղ է ասել, ՌԴ կվերադառնա այն ժամանակ, երբ գլխավոր դատախազը դադարի հրավիրել իրեն, իսկ դա տեղի կունենա մարտի 4-ին նախատեսված նախագահական ընտրություններից հետո:

Իսկ թե ինչու դատախազը գարնանը չի ցանկանալու իրեն տեսնել, Բերեզովսկին չի ասել: Կարելի է եզրակացնել, որ գործարարը հույս ունի, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում փոփոխությունների կբերեն:

Ինչ վերաբերում է նախկինում իրեն պատկանող «Կոմերսանտ»-ում վերջին պաշտոնանկություններին, Բերեզովսկին խոստացել է իրեն պատկանող կառույցներում աշխատանք առաջարկել Դեմյան Կուդրյավցեւին ու Մաքսիմ Կովալսկիին, երբ վերադառնա Մոսկվա:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ եւ օլիգարխ Բորիս Բերեզովսկին Ռուսաստանից հեռացել է 10 տարի առաջ: Նա քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում, որը հրաժարվում է նրան հանձնել ռուսական իրավապահ կառույցներին:

Բերեզովսկին Ռուսաստանում երկու անգամ հեռակա կարգով դատապարտվել է, ընդհանուր առմամբ, 13 տարվա ազատազրկման: