Ֆինանսների նախարարությունը մեկնաբանել է մամուլում տեղ գտած տեղեկությունը, ըստ որի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը իր աշխատակիցներին հանձնարարել է 2-ական խաղալիք բերել եւ զարդարել նախարարության տոնածառը:

Պարզաբանման մեջ ասվում է.

«ՀՀ ֆինանսների նախարարության տոնածառը զարդարելու նախաձեռնությունը եղել է  ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք աշխատակիցներինը, որի խորհուրդը միասնաբար ամանորյա տոնածառը զարդարելն էր:

ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատում է ավելի քան 650 աշխատակից, ուստի եթե յուրաքանչյուրին պարտադիր հանձնարարվեր բերել երկուական խաղալիք, ապա դրանք կբավականացնեին նաեւ Հանրապետության հրապարակի տոնածառը զարդարելուն:

Ցավում ենք, որ նման միասնական ամանորյա խորհուրդ ունեցող նախաձեռնությունը նախարարության մի քանի աշխատակիցների կողմից ընկալվեց, իսկ լրատվամիջոցների կողմից պիտակավորվեց Ամանորին ամենեւին ոչ հարիր բարեսրտությամբ»: