Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` «ուշ թե շուտ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական պետությանը բնորոշ ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում» խոսքին ի պատասխան Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարարի արձագանքն առ այն, որ ոչ ոք չի կարող թուրքերին ծնկի բերել, արտահայտությանը:

«Նմանատիպ արձագանքը, այն էլ Եվրամիության հետ ինտեգրացման համար պատասխանատու պաշտոնյայի շուրթերից, ապացույցն է այն ցավալի իրողության, որ այսօրվա Թուրքիան դեռեւս չունի եվրոպական երկրին բնորոշ ղեկավարություն, եւ որոշ թուրք պաշտոնյաներ ոչ թե ժամանակակից եվրոպական արժեհամակարգի կրողն են, այլ մնում են Օսմանյան կայսրության մարդատյաց մտածելակերպի ժառանգորդը»,- ասել է Շավարշ Քոչարյանը, «Արմինֆոյի» հարցին ի պատասխան: