Ոչ մի բժիշկ ծննդաբերությունից հետո, ոչ ոտքով, ոչ էլ բռունցքով չի հարվածում երեխային: Այս մասին NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայքի ծննդաբերական հիվանդանոցի բաժանմունքի արդեն նախկին վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը անդրադառնալով մահացած նորածնի գործով դատաբժշկական փորձաքննության արդյունքերին, որից պարզվել էր, որ երեխայի մոտ, ի թիվս այլ թերությունների, նաեւ «գանգուղեղային փակ, բութ վնասվածք» է հայնաբերվել:

Հիշեցենք, որ այսօր` դեկտեմբերի 13-ին «Չենք լռելու» նախաձեռնությունը տարածել էր ամիսներ առաջ մեծ աղմուկ հանած Վայքի ծննդաբերական բաժանմունքում տեղի ունեցած դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որտեղ ասվում է. «Գանգուղեղային փակ, բութ վնասվածք: Գլխի  մաշկածածկույթների, գանգաթաղի  ոսկրերի ոսկրային շերտիվերնեսկրի եւ ոսկրերի միջեւ, գլխուղեղի կարծր թաղանթի, փափուկ թաղանթների եւ ենթաոստայնային տարածության  արյունազեղումներ եւ արյունահավաքներ: Կանգային ինտերստիցիալ թոքաբորբ: Գ. Գրիգորյանի մահը պայմանավորված է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով /ինքնաթունավորում/, որն էլ հետեւանք է եղել գանգուղեղային փակ, բութ, վնասվածքից հետո արգացած  կանգային ինտերստիցիալ թոքաբորբի: Համաձայն հիվանդության պատմագրի տվյալների, Գ. Գրիգորյանի մահը վրա է հասել 2011-ի սեպտեմբերի 4-ին, ժամը 03.20-ին»:

Այնինչ դեպքից հետո Մետաքսյա Հովհաննիսյանն ասել էր, որ ոչ մի կոպիտ սխալ թույլ չի տվել, եւ իր սխալի պատճառով չի, որ երեխան այդ վիճակում է: Իսկ երեխայի ներկա վիճակը պայմանավորում էր երեխայի պարանոցին պորտալարի երեք անգամ փաթաթված լինելով, որտեղ իր մեղավորությունը չկա:

Այնինչ, երեխայի տատիկը` Համեստ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փորձաքննության արդյունքները վկայում են, որ կենդանության օրոք է իր թոռը գլխին  բութ հարված ստացել: «Ինքն է արել հո ես չեմ արել: Հետեւաբար` պահանջելու ենք, որ օրենքը նրան դատապարտի մարդասպանության համար»,- ավելացրեց Համեստ Գրիգորյանը:

Իսկ ահա բժշկուհի Մետաքսյա Հովհաննիսյանը NEWS am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, թե առաջին անգամ է լսում այդ եզրակացության արդյունքների մասին: «Կարծում եմ հավատացած եք, որ ծննդաբերությունից հետո, ոչ ոք չի հարվածում երեխային, դա աբսուրդ է: Դրանք կարող են լինել ներարգանդային տրավմաներ: Հիմա թող հանձնաժողովը եզրակացություն տա, թե դա կապվա՞ծ է բժշկական սխալի հետ, թե` ոչ»:

Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանն NEWS am-ի թղթակցի  հետ զրույցում նշեց, որ եզրակացությունը վաղուց տվել է քննիչներին եւ ներկա պահին իրավունք չունի քննչական գաղտնիք բացել:

Ավելի վաղ` NEWS am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել Գնդեվազ գյուղի բնակչուհի Ա.Թորոսյանին եւ սպասել են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չխփեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դիմեդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների էր հանգեցրել հղի կնոջ մոտ ծննդաբերության ժամանակ:Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա, որտեղ էլ նա մի քանի օր անց մահացել էր: Հայաստանի ոստիկանությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):Ավելին` այս դեպքի հետ կապված, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը սեպտեմբերի կեսերին նամակ էր ուղարկել մարզպետին եւ առաջարկել զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, բուժկենտրոնի տնօրենին, նաեւ կասեցնել Մետաքսյա Հովհաննիսյանի պաշտոնավարումը:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատաբժիշկը տալիս է իր եզրակացությունը քննիչին: Վերջինս այդ եզրակացության հիման վրա ընթացք է տալիս. Կա’մ կարճում է գործը ասելով, որ հանցակազմ չկա, կա’մ ճանաչում է բժշկի մեղքը եւ գործն ուղարկում դատարան, կա’մ հանձնաժողովային մասնագիտական վերլուծություն է կազմակերպում, փորձելով մասնագետներին հարցեր տալով հասկանալ, թե երեխայի մահվան մեջ բժշկի մեղքը կա՞ արդյոք: «Հիմա քննիչը այդ եզրակացությունը, որ վերցրել է մենք չգիտենք, թե մասնագիտական հանձնաժողովային քննություն արե՞լ են, թե` ոչ, որովհետեւ քննչական վարույթը գաղտնի է: Հետեւաբար` պետք է սպասել քննիչի պաշտոնական եզրակացությանը»,- ավելացրեց Շուշան Հունանյանը:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը