"Եթե Հայաստանի հետ միացում թույլ չեն տալիս, եթե 2-րդ հայկական հանրապետության ձևավորում թույլ չեն տալիս, ապա մնում է՝ ԼՂՀ խորհրդարանը որոշում կայացնի՝ դիմելու Ռուսաստանի Պետդումային՝ Արցախն ընդունելու որպես ներքին քաղաքական սուբյեկտ՝ ըստ Գյուլիստանի պայմանագրի>,- այսօր ասուլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանն ու հավելել. «Եթե Ռուսաստանի Դուման կմերժի և չի ընդունի, ուրեմն ավելի լավ է լինել, մինչ Գյուլիստանի պայմանագիրը` պարսկական ինքնավարություն, քան լինել Ադրբեջանի կազմում։ Մեր անվտանգության երաշխիքները թուրքերի հետ բացառվում են տարածքային ամբողջականության սահմաններում»:

Միաժամանակ, Դ. Հակոբյանը կարծիք է հայտնել, ըստ որի «ավելի լավ է միջանկյալ ստատուս-քվոյի պահպանումը, բայց ոչ՝ անգլոսաքսոնական Մայնդորֆյան և Մադրիդյան սկզբունքները։ Սրանք անգլոսաքսոնական դիվանագիտության սկզբունքներն են, որոնք մեզ կործանել են վերջին 300 տարվա մեջ երկու անգամ»։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, նա նշել է, որ այն ամենը, ինչ ինքն զգուշացնում էր իշխանություններին դեռևս 8 ամիս առաջ, իրականություն դարձավ` Հայաստանի դիվանագիտությունն ամբողջովին ձախողվեց: «Մեծ ութնյակի գագաթնաժողովում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների միասնական հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ ծուղակի մեջ գցեցին Հայաստանին»,-ասել է մարքսիստն ու հավելել. «Ռուսաստանը ողջակիզեց Հայաստանին` պարտադրելով մեզ գնալ բանակցությունների Ադրբեջանի հետ, այնինչ Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ կիրառեց ռազմական դիվանագիտությունը` ճանաչելով նրանց որպես միջազգային սուբյեկտ»: