Մոլդովայի խորհրդարանը դեկտեմբերի 16-ին կրկին կփորձի նախագահ ընտրել: Այս պահին այդ պաշտոնի միակ թեկնածուն նախագահի պաշտոնակատար Մարիան Լուպուն է:

Ինչպես տեղեկացրել է նախագահական ընտրությունների խորհրդարանական հանձնաժողովի  նախագահ Տուդոր Դելիուն, դեկտեմբերի 13-ին հանձնաժողովը գրանցել է Լուպուի թեկնածությունը, որը մեկ օր առաջ ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:  Լուպուն ներկայացրել է իշխող «Դաշինք հանուն եվրոպական ինտեգրման» կազմում ընդգրկված երեք կուսակցությունների բոլոր պատգամավորների ստորագրությունները: Փաստացի, նա կարող է դառնալ նախագահական ընտրությունների միակ թեկնածուն, գրում է NEWSru.com-ը:

Նշվում է, որ խորհրդարանում իշխող կոալիցիան 59 ձայն ունի, այն դեպքում, երբ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների երեք հինգերորդի ձայները` 101-ից 61-ը:

Եթե երկու փորձից հետո ընտրությունները տապալվեն եւ ոչ մի թեկնածու 61 ձայն չհավաքի, խորհրդարանը կցրվի: Հիշեցնենք, նման սցենար արդեն երկու անգամ կրկնվել է: Նախագահ ընտրելու անկարողության համար խորհրդարանը ցրվել է 2009 եւ 2010 թվականներին:

Մոլդովայի նախագահի նոյեմբերի 18-ին  նշանակված նախորդ ընտրությունները չեղյալ էին համարվել գրանցված թեկնածուների բացակայության պատճառով: