Բելգիայի նոր վարչապետ Էլիո դի Ռուպոն Լյեժ քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը համարել է բռնության առանձին դեպք, հավելելով, որ դա ահաբեչություն չէ:
«Դա բռնության առանձին դեպք է, բայց դա ահաբեկչություն կամ մահափորձ չէ: Մենք հասկանում ենք, թե ինչ շոկի մեջ են մարդիկ եւ մենք կիսում ենք նրանց զգացմունքները»,-ասել է նա, հաղորդում է «Եվրանյուզը»:
Վարչապետը նաեւ կարծիք է հայտնել, որ Նորդին Ամրանին, ով կրակ է բացել Լյեժ քաղաքի հրապարակում, պետք է մնար բանտում: «Չպետք է նրան ազատ արձակեին: Տեսեք թե հիմա ինչ տեղի ունեցավ: Սա մեծ դժբախտություն է, որքան մարդ մահացավ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, Լյեժում տեղի ունեցած կրակահերթերից զոհերի թիվը հասել է 6-ի: Տեղում սպանվել է նաեւ հանցագործը, վիրավորվել է 123 մարդ:




























