Բելգիայի Լյեժ քաղաքում դեկտեմբերի 13-ին ահաբեկչություն իրականացրած Նորդին Ամրանիի տան խուզարկության ժամանակ նրա հարեւանների 45-ամյա տնային աշխատողի դիակն է հայտնաբերվել:

Հետաքննության տվյալներով` սպանությունը կատարվել է դեկտեմբերի 13-ի առավոտյան: Ենթադրվում է, որ Ամրանին կնոջը հրավիրել է աշխատանք առաջարկելու, իսկ հետո սպանել է: Դատաբժշկական փորձագետները պարզում են`բռնաբարություն եղե՞լ է, թե՞ ոչ, գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Sud Presse-ին:

Բացի այդ, քննիչները պարզել են, որ ահաբեկչության եւ սպանության նախօրեին Ամրանին փողերը փոխանցել է կնոջ հաշվեհամարին:

Հիշեցնենք, դեկտեմբերի 13-ին բելգիական Լեժե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, վերջին տվյալներով, 123 մարդ վիրավորվել է: Նրանցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Ահաբեկիչը նռնակներ է պայթեցրել, այնուհետեւ կրակել է անցորդների վրա:

Բելգիայի ոստիկանությունը փորձում է պարզել Ամրանիի հանցագործության դրդապատճառները:  Պարզվել է, որ Ամրանին միայնակ է գործել, առանց հանցակիցների:

Ոստիկանների կարծիքով` նվազագույնը 75 տուժածները եւ 4 զոհերը մեկ մարդու ձեռքի գործն են, հանցակիցներ չեն եղել: Հինգերորդ զոհը  հենց ինքն է.  երբ փամփուշտները վերջացել են, հանցագործն իրեն նռնակով պայթեցրել է:

Նորդին Ամրանին բելգիացի է, բայց, ազգանունից դատելով, արաբական արմատներ ունի:  Մասնագիտությամբ եռակցող է: Կյանքի 33 տարիներից չորսը բանտում է անցկացրել` թմրանյութ եւ զենք պահելու մեղադրանքով: Նա զինանոց է ունեցել, որտեղ ոստիկանները հայտնաբերել են տարբեր տեսակի հրազենային տասնյակ միջոցներ, 10 հազար փամփուշտ: Նա նաեւ մարիխուանայի մի ամբողջ դաշտ է ունեցել:

Դեկտեմբերի 13-ին նրան կանչել են ոստիկանական բաժանմունք: Ամրանին զինվել է ինքնաձիգով, ատրճանակներով, նռնակներով եւ ուղեւորվել Արդարադատության պալատին հարակից հրապարակ, որտեղ 2008թ.  կայացվել էր նրա դատավճիռը, հաղորդում է vesti.ru-ն: