Մոսկվայում վախճանվել է ռուսական  տիեզերագնացության պատրիարք Բորիս Չերտոկը` 100-ամյա հոբելյանից մի քանի ամիս առաջ:

Չերտոկը ծնվել է դեռեւս ռուսական կայսրության տարիներին` 1912թ.: Խորհրդային շրջանում` 1930-ական թվականներին, աշխատել է որպես էլեկտրիկ` հասնելով կոնստրուկտորական խմբի ղեկավարի պաշտոնի:  Ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտը: Աշխատել է ավիացիոն արդյունաբերությունում:

Պատերազմից հետո ուղարկվել է Գերմանիա` հրթիռային տեխնիկայի ուսումնասիրման համար:  Այնտեղ 1946թ. Բորիս Չերտոկը աշխատել է Սերգեյ Կորոլյովի հետ: 1951թ. նա դարձել է № 1 կոնստրուկտորական  բյուրոյի հատուկ բաժնի պետ, որի գլխավոր կոնստրուկտորը Կորոլյովն էր: 1974թ. Չերտոկը դարձել է «Էներգիա» կառավարման համակարգերի գիտարտադրական միավորման գլխավոր կոնստրուկտորի տեղակալ:

Բորիս Չերտոկը արժանացել է բազմաթիվ կառավարական մրցանակների, գրում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն:

2012թ. մարտի 1-ին ակադեմիկոսը կդառնար 100 տարեկան: