ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 306 բանաձեւը փոքր քայլ է դրական ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թուրքիայում հրատարակվող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանը` մեկնաբանելով կրոնական ազատության մասին բանաձեւ, որը Թուրքիային կոչ է անում վերադարձնել եկեղեցիների ունեցվածքը:
Սարգիս Սերոբյանի խոսքով, խոսքը վերաբերում է 1970-ականներից հետո եկեղեցիներից խլված անշարժ գույքին, որը պետք է վերադարձնեն կամ փոխհատուցեն: «Պետությունն արդեն ցանկերն ուզել է ազգային համայնքներից, որ եկեղեցիների գրավված կալվածքները վերադարձնի: Խոսքը քաղաքներում եկեղեցիների կալվածքների մասին է, ոչ թե ամբողջ Անատոլիայի եկեղեցիների մասին: Դրանց վերադարձման համար էլ պետք է դիմում ներկայացնել, եւ եթե գտնեն, որ ապօրինաբար են վերցվել, նոր կվերադարձվեն եկեղեցիներին պատկանող տները, կալվածքները: Իսկ եթե դրանց տեղում այլ շենքեր են կառուցվել, պետք է փոխհատուցվեն»,- նշեց Սարգիս Սերոբյանը:
«Ակոսի» խմբագիրը նշեց, որ կրոնական փոքրամասնություններն Անկարայում ներկայացուցիչ ունեն` հույն փաստաբան, ով ներկայացնում է իրենց շահերը պետական մարմինների հետ բանակցություններում:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 13-ին, ընդունել է կրոնական ազատության մասին բանաձեւ, որը Թուրքիային կոչ է անում վերադարձնել եկեղեցիների ունեցվածքը: Թիվ 306 բանաձեւը նախաձեռնել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Էդ Ռոյսն ու Հովարդ Բերմանը: Այն Ներկայացուցիչների պալատի օրակարգում ընդգրկվել է մեծամասնության առաջնորդ Էրիք Քանթորի կողմից` Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իլեան Ռոս-Լեյտինենի օժանդակությամբ:
«Չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությանը` դավանանքի ազատության հարցում առաջընթացի մասին, Թուրքիայում քրիստոնեական համայնքները շարունակում են խտրական վերաբերմունքի արժանանալ»,-ասել է կոնգրեսական Ռոյսը: Ամերիկահայերը, միանալով հույն, ասորացի եւ սիրիացի համայնքներին, հազարավոր հեռախոսազանգեր են ուղղել իրենց ներկայացուցիչներին, խնդրելով աջակցել 306-րդ բանաձեւին:




























