ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար անհրաժեշտ է համաձայնագիր՝ նշելով, որ ինքը կխոսի Պուտինի և Զելենսկու հետ, հայտնում է Reuters-ը։

Նա շեշտել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է պատրաստ լինի համաձայնության գալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ վերջ դնելու համար ուկրաինական գրեթե երեք տարի տևող պատերազմին։

«Անհրաժեշտ է համաձայնագիր կնքել»,-նշել է Թրամփը։

Նա հավելել է, որ կխոսի Պուտինի և Զելենսկու հետ Ուկրաինայում պատերազմը  դադարեցնելու մասին՝ հայտարարելով, որ իրեն անհանգստացնում են արյունոտ սպանդի կադրերը։

«Դա պետք է դադարեցվի»,-ընդգծել է Թրամփը:

Նա ուղղակիորեն չպատասխանեց հարցին՝ համարո՞ւմ է արդյոք, որ բանակցությունների միջոցով կարգավորման շրջանակում պատերազմին վերջ դնելու համար Ուկրաինան պետք է տարածք զիջի Ռուսաստանին:

Թրամփը նշել է, որ վիճելի տարածքների մեծ մասը ավերակների է վերածվել և որ դրա վերականգնման համար հարյուր տարի կպահանջվի: