2011թ-ին արտաքին քաղաքականության մեջ ԼՂ հիմնախնդրում Հայաստանը նահանջ չի ունեցել, բայց դա չի նշանակում, որ չկան մտահոգիչ հարցեր, քանի որ դեռ կա ազատագրված տարածքների խնդիր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ամփոփելով քաղաքական տարին, նշեց ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նա նշեց, որ թեեւ դրանք սառեցված վիճակում են, բայց եթե ունենա շարունակություն նպաստավոր չի լինի մեր երկրի համար։ Ըստ նրա, Հայաստանի համար լավագույն ձեռքբերումը կլինի, եթե մեր ստորագրությունը հետ վերցվի արձանգրություններից։

Դաշնակցական պատգամավորը ներքին քաղաքական կյանքում 2011-ին տեղի ունեցած իրադարձություններին նշեց կես ճանապարհին կանգ առած իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը, որից «ակնկալիքներն ավելին էին, բայց չիրականացան»:

«Ներքին քաղաքականության համատեքստում ես շատ պետք է կարեւորեմ Դաշնակցության «Քվեն ուժ է», հասարակական շարժումը, որի նպատակը հենց արդար ընտրությունների անցկացումն է։ Բայց, եթե մարդը դեռ սոցիալական խնդիր ունի, իր երեխայի ճակատագիրը դեռ անորոշ է, դեռ օտար երկրներում է իր բախտն ու ճակատագիրը փնտրում, մենք չենք կարող ակնկալել, որ կունենանք արդար ընտրություններ»,-եզրափակեց Ռուզան Առաքելյանը: