Ռուսաստանի նորընտիր Պետական դումայում միակ հայը Հովհաննես Օհանյանն է, ով պատգամավոր է ընտրվել «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության կազմում: Նա վայր է դնելու Դաշնային Խորհրդի անդամի իր լիազորությունները եւ խորհրդարանական գործունեությունը շարունակելու է Դումայի կազմում:
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության համագումարը, որի ժամանակ որոշվել է ՌԴ նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի թեկնածությունը:
Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցել է ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը: Կուսակցության ղեկավարությանը եւ համագումարի պատգամավորներին ողջույնի ուղերձ է հղել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը, ուր մասնավորապես ասվում է. «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դիրքերի ամրապնդումը, անշուշտ, նպաստում է Ռուսաստանում քաղաքական համակարգի զարգացմանը եւ, համապատասխանաբար, ռուսաստանյան հասարակության հրատապ խնդիրների լուծմանը: Այն նաեւ դրական ազդեցություն է թողնում ԱՊՀ տարածքում սոցիալ-դեմոկրատական սկզբունքների ամրագրման վրա: Վստահ ենք, որ հետագայում եւս Դաշնակցության եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի հարաբերությունները ինչպես երկկողմանի միջկուսակցական մակարդակում, այնպես էլ Սոցինտերնի շրջանակում կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների եւ միջազգային սոցիալիստական շարժման զարգացմանը»:




























