Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանն այսօր` դեկտեմբերի 14-ին, հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բեյրդին եւ ներկայացրել է Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղությունները: Նրանք քննարկել երկկողմ հարաբերությունների քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային ոլորտները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Կանադայի արտգործնախարարը ՀՀ դեսպանին նվիրել է 1992թ. ստորագրված «Կանադայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարության» կրկնօրինակը՝ վերահաստատելով կանադական կառավարության եւ ժողովրդի ջերմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել Կանադայի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար, ինչին ի պատասխան նախարար Բեյրդը նշել է, որ Ցեղասպանության դատապարտումը նաեւ վարչապետ Հարփերի սկզբունքային դիրքորոշումն է:
Հանդիպման ավարտին Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը վերահաստատել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը Ջոն Բեյրդին մոտ ապագայում Հայաստան այցելելու համար:




























