Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան եւ Հանրապետական կուսակցության նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին պայմանավորվել են կոալիցիա ստեղծելու մասին այն բանից հետո, երբ գործարարը կստեղծի իր կուսակցությունը, Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, հայտարարել է Իվանիշվիլին:

«Երեք քաղաքական սուբյեկտների առաջնորդները համաձայնել են, որ Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության ստեղծման գործընթացի ավարտից հետո կստեղծվի կոալիցիա»,- ասված է Իվանիշվիլիի մամուլի քարտուղարության տեղեկատվության մեջ:

Նշվում է, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կոալիցիայի անդամները ընտրական բլոկ կձեւավորեն, որտեղ կներառվեն նաեւ այլ քաղաքական ուժեր:

Դրանից բացի, համաձայնություն է կայացել, որ Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին եւ Ժողովրդի կուսակցության նախագահ Կոբա Դավիթաշվիլին իրենց քաղաքական թիմերի անդամների հետ միասին կմասնակցեն կոալիցիայի կառավարմանը եւ կառույցների գործունեությանը: