Չորեքշաբթի Պեկինում, Չինաստանի արտգործ նախարար Վան Յիի և Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի միջև Հիմալայների շուրջ սահմանային բանակցություններից հետո, Չինաստանը և Հնդկաստանը վեց կետից բաղկացած կոնսենսուսի են հասել, հաղորդում է South China Morning Post-ը:

Ըստ լրատվամիջոցների՝ կողմերը պայմանավորվել են «շարունակել միջոցներ ձեռնարկել սահմանամերձ շրջաններում խաղաղության և հանգստության պահպանման և երկկողմ հարաբերությունների առողջ և կայուն զարգացման համար»:

Բարձրաստիճան դիվանագետները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու փնտրել սահմանային խնդրի արդար, ողջամիտ և փոխընդունելի համապարփակ լուծում և միջոցներ ձեռնարկել այդ գործընթացն արագացնելու համար, ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

2005 թվականին համաձայնեցված փաթեթային կարգավորումը սահմանել է սահմանային վեճի լուծման ուղեցույցներ: Երկու երկրները խոստացել են ամրապնդել անդրսահմանային փոխանակումները և համագործակցությունը, ներառյալ Չինաստան հնդկական ուխտագնացությունների վերականգնումը՝ ընդլայնելով անդրսահմանային գետային համագործակցությունը և վերսկսել անդրսահմանային առևտուրը, ասված է հայտարարության մեջ։

Նրանք նաև պայմանավորվել են հաջորդ տարի Հնդկաստանում անցկացնել հատուկ բանագնացների հանդիպումների հաջորդ փուլը, իսկ ճշգրիտ ժամկետները կորոշվեն ավելի ուշ դիվանագիտական ​​ուղիներով: Համաձայնագիրը կարևոր ուղենիշ է երկու հարևան երկրի՝ Հիմալայներում տասնամյակներ տևած սահմանային վեճը լուծելու շարունակական ջանքերում: