Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական պալատում չորեքշաբթի ընդունել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիին՝ վերջինիս Թուրքիա պետական ​​այցի շրջանակում, հայտնում է Լիբանանի պետական ​​լրատվական գործակալությունը (NNA):

Նախագահական համալիրում տեղի է ունեցել Միքաթիի դիմավորման պաշտոնական արարողություն։ Նախագահ Էրդողանն ու վարչապետ Միքաթին դռնփակ հանդիպում են անցկացրել, որին հաջորդել է նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Լիբանանի և Թուրքիայի նախարարները նաև երկկողմ աշխատանքային հանդիպումներ են ունեցել։

Ինչպես հայտնում է Anadolu-ն, բանակցությունների ավարտից հետո Անկարայում երկու երկրների ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի ստիպի պահպանել հրադադարը և փոխհատուցել Լիբանանին հասցված վնասը։

Էրդողան ն ընդգծել է, թե լիբանանյան անվտանգությունը չի կարող տարանջատվել տարածաշրջանում կայունությունից։

«Մեր տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել առանց հրադադարի և Գազայում կայուն խաղաղության»,- ասել է նա։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան «աջակցում է Լիբանանին Իսրայելի ագրեսիայի դեմ իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով և շարունակում է մարդասիրական օգնությունը»։

Մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան «կաջակցի սիրիացի ժողովրդին, ինչպես դա արել է հակամարտության հենց սկզբից և Դամասկոսին կտրամադրի բոլոր անհրաժեշտ միջոցները»։

«Սիրիայում նոր դարաշրջան է սկսվել. որպես Սիրիայի երկու կարևոր հարևաններ՝ մենք համաձայն ենք, որ Լիբանանն ու Թուրքիան պետք է գործեն միասին»,- հավելել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե  «բոլոր նրանք, ովքեր հասկանում են, որ Սիրիայի կայունությունը տարածաշրջանի կայունությունն է, պետք է նպաստեն այս գործընթացին»։