Թեեւ դեկտեմբերի ընթացքում հնդկաձավարի գինը Ռուսաստանում էապես աճել է, հայաստանյան շուկայում առայժմ դրա հետեւանքները չեն զգացվում: Նշենք, որ Հայաստանը հնդկաձավար հիմնականում ներմուծում է Ռուսաստանից, մասամբ նաեւ Ուկրաինայից:
Մեր շրջայցը երեւանյան խանութներում ցույց տվեց, որ հնդկաձավարի գինը խիստ տատանվում է` կախված մաքրության աստիճանից եւ ծագման երկրից: Ամենաթանկը «Ալեքս Գրիգի» փաթեթավորմամբ մաքրված հնդկաձավարն է` կգ-ը 1100 դրամ: Չփաթեթավորված հնդկաձավարը համեմատաբար էժան է, ընդհուպ մինչեւ 650 դրամ 1 կգ-ի համար:
Այս տարվա հուլիսի համեմատ հնդկաձավարը Երեւանում էժանացել է մոտ 30-35 %-ով: Այդ ժամանակ մեր կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքներով հնդկաձավարի գինը տատանվում էր 1000-1400 դրամի սահմաններում:
Հիշեցնենք, որ հնդկաձավարի գինը թռիչքային աճ ունեցավ 2010 թ.` կապված Ռուսաստանում եւ Ուկրաինայում ցածր բերքի հետ: Այսպես` 2010 թ. սկզբներին հնդկաձավարի 1 կգ-ը երեւանյան խանութներում վաճառվում էր 400-500 դրամով, իսկ օգոստոսից` արդեն 1000-1100 դրամով: Այդ գինը պահմպանվեց մինչեւ այս տարվա կեսերը, որից հետո սկսեց նվազել, քանի որ Ռուսաստանում բերքը հաջող էր: Սակայն նշենք, որ նվազման տեմպը շատ ավելի ցածր է, քան Ռուսաստանում, որտեղ հնդկաձավարը էժանացավ ավելի քան 2 անգամ, իսկ մեզ մոտ` ընդամենը 30 %-ով: Սա է պատճառը, որ հայկական շուկան առայժմ չի արձագանքում Ռուսաստանում հնդկաձավարի թանկացմանը, քանի որ բարձր գներ են սահմանված:
Հիշեցնենք, որ դետեմբերին Ռուսաստանում կրկին նկատվում է հնդկաձավարի թանկացում 1 տոննա հնդկաձավարի մեծածախ գինն աճել է մինչեւ 28 հազ. ռուբլու (այսինքն` 1 կգ-ի հաշվով` 336 դրամ): Նշենք, որ հնդկաձավարի ամենաբարձր գինը գրանցվել է 2010 թ մարտին` 80 հազ. ռուբլի 1 տոննայի դիմաց:




























